Հայաստանը կարեւորում է Լիբանանի հետ համագործակցությանը միջազգային ասպարեզում եւ իր հերթին իր դիրքորոշումները ձեւավորելիս` հաշվի է առնում համաարաբական եւ մասնավորապես` Լիբանանի շահերը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, Բեյրութում, Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մեկ անգամ եւս շնորհակալություն եմ հայտնում Նախագահ Սուլեյմանին` բարեկամ Լիբանան այցելելու հրավերի եւ Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը ջերմ ընդունելություն ցուցաբերելու համար: Անցյալ տարի` Հայաստանի անկախության 20-ամյա տարեդարձին, պատիվ ունեցանք Հայաստանում հյուրընկալելու Լիբանանի նախագահին: Այս տարի կայանում է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական այցը Լիբանան, եւ այս այցելությունների պարբերականությունը խոսում է այն մասին, որ մեր միջեւ հաստատված է բարձր մակարդակի երկխոսություն, որ մենք ունենք բարձր մակարդակի հարաբերություններ, եւ այդ հարաբերությունները նաեւ զարգացնելու ցանկություն»,- ասել է Հայաստանի նախագահը:
Նրա խոսքով, լիբանանյան բանակցություններն արդյունավետ են անցել: «Քննարկեցինք հայ-լիբանանյան համագործակցության մեջ նորանոր ոլորտներ ընդգրկելու հնարավորությունները, մտքեր փոխանակեցինք միջազգային` մասնավորապես մերձավորարեւելյան եւ հարավկովկասյան զարգացումների շուրջ: Վերահաստատեցինք, որ մեր հարաբերությունները հիմնված են բարի կամքի, փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա:
Այս տարին խորհրդանշական է, քանի որ լրանում է մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակը: Գոհունակությամբ արձանագրեցինք, որ այս ընթացքում ձեւավորվել են միջխորհրդարանական, մշակութային, կրթական, գիտական կապեր, ստորագրվել են երեք տասնյակից ավելի փաստաթղթեր, որոնց այս այցելության ընթացքում կավելանան, ավելի ճիշտ՝ արդեն ավելացան եւս երկուսը:
Պայմանավորվեցինք օգտագործել բոլոր հնարավորությունները երկկողմ տնտեսական համագործակցությունը խթանելու ուղղությամբ: Ուրախ ենք, որ վերջին շրջանում նկատելի է դարձել Լիբանանի աճող ներկայությունը մեր երկրի տնտեսության մեջ»,- ասել է Սերժ Սարգսյանը:




























