Թբիլիսիի քաղաքապետարանը երկրի Գլխավոր դատախազություն է ուղարկել 47 էջից կազմված փասատթղթեր՝ կապված 2011-2012 թթ քաղաքապետ Գիգի Ուգուլավայի ԱՄՆ, այդ թվում Լաս Վեգաս կատարած գործուղման ծախսերի վերաբերյալ: Այս պատմությունը վերջին շրջանում վրացական լրատվամիջոցների կողմից հատուկ ուշադրության է արժանանում:
Նոյեմբերի 25-ին «Մաեստրո» հեռուստաընկերության եթերում տեղեկություն է հնչել, որ Գիգի Ուգուլավան կնոջ, ընկերների ու հարազատների հետ վերջին մեկ տարում երեք անգամ այցելել է ԱՄՆ, այդ թվում՝ Լաս Վեգաս եւ որ բոլոր ծախսերը վճարվել է պետական բյուջեից:
Թբիլիսիի քաղաքապետը համարում է, որ այդ հետաքննությունը «քաղաքական ենթատեքստ ունի»: Ուգուլավայի փոխանցմամբ, ԱՄՆ այցելությունների ընթացքում ինքը պաշտոնական հանդիպումներ է ունեցել տարբեր պաշտոնյաների հետ: «Այդ հանդիպումների նպատակը եղել է բիզնեսին աջակցելու նպատակով ամերիկյան փորձին ծանոթանալը, քաղաքի պլանավորումը եւ այլ նշանակալի հարցեր»,-ասված է քաղաքապետարանի հայտարարությունում:
Միաժամանակ, այսօր՝ նոյեմբերի 26-ին, «Միասնական ազգային շարժում» խմբակցության պատգամավոր Դավիթ Սաքվարելիձեն հայտնել է, որ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության նախկին ղեկավար Ջաբա Էբանոիձեն հրավիրվել է Գլխավոր դատախազություն՝ հարցաքննության:
Ջաբա Էբանոիձեն եկամուտների ծառայության ղեկավար է նշանակվել 2011-ի մարտին եւ այդ պաշտոնում մնացել մինչեւ 2012-ի հոկտեմբեր: Նա համարվում է «Միասնական ազգային շարժման» գլխավոր քարտուղար, նախկին վարչապետ, ՆԳ նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիի մտերիմը:




























