Forbes ամսագիրը հրապարակել է տնտեսության տարբեր ոլորտներում աշխատող թոփ մենեջերների աշխատավարձերի վարկանիշը: Ամենաբարձր վարձատրվողը նավթագազային ոլորտն է: 2012 թվականին այդ ոլորտում գլխավոր տնօրենները վաստակել են 790 հազարից մինչեւ 10 մլն դոլար: Ֆինանսների գծով փոխտնօրենների աշխատավարձը կազմել է 360 հազարից 5,6 մլն դոլար:

Երկրորդ տեղում առեւտրային բանկերն են: Այս ոլորտում կառավարիչներն ստացել են 300 հազարից մինչեւ 11 մլն դոլար, նրանց տեղակալները՝ 110 հազարից 11 մլն դոլար:

Երրորդ տեղում ծանր արդյունաբերությունն է: Այստեղ գլխավոր տնօրենները վաստակել են 280 հազարից մինչեւ 9 մլն դոլար, փոխնախագահները՝ 200 հազարից մինչեւ 3 մլն դոլար:

Առաջին տասնյակում են նաեւ ներդրումային բանկինգի, հեռուստահաղորդակցության, ռիթեյլի, շինարարության, ապահովագրության, սպառողական ապրանքների արտադրության, դեղագործության ոլորտները:

Նշենք, որ նախորդ շաբաթ Forbes-ը հրապարակել էր 25 ամենաբարձր վարձատրվող գլխավոր տնօրենների վարկանիշը: Առաջին տեղը զբաղեցրել էր ՎՏԲ բանկի նախագահ, 56-ամյա Անդրեյ Կոստինը, ով տարեկան 30 մլն դոլար էր վաստակել: Այնուհետեւ գալիս է «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը եւ «Ռոսնեւտի» նախագահ, նախկին փոխվարչապետ Իգոր Սեչինը (25 մլն դոլար):