«Հայռուսգազարդի» 2013-15 թ.թ. եռամյա ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 35.9 մլրդ դրամ: Ընկերության պատմության ընթացքում սա խոշորագույն եռամյա ներդրումային ծրագիրն է: Համեմատության համար` 2011-13 թ.թ. ներդրումային ծրագիրը 14.5 մլրդ դրամ էր:
«Հայռուսգազարդը» վերանայել է նաեւ 2012-14 թ.թ. ներդրումային ծրագրի 2013 եւ 2014 թ.թ. համար նախատեսված ցուցանիշները` ամրագրելով ներդրումների մոտ 2.2 անգամյա աճ:
«Հայռուսգազարդի» ներդրումային ծրագիրը որպես կանոն բաժանվում է երկու հիմնական մասի` գազափոխադրման համակարգի եւ գազաբաշխման համակարգի: Ընկերություը հատկապես կտրուկ վերանայել է գազափոխադրման համակարգում կապիտալ ներդրումների չափը` դրանք բազմապատիկ ավելացնելով: Օրինակ` գազափոխադրման համակարգում 2012-14 թ.թ. պետք է ներդրվեր 4.5 մլրդ դրամ, այնինչ 2013-15 թ.թ. ծրագրում այդ գումարն աճել է մինչեւ 25.2 մլրդ դրամ (աճը` 5.6 անգամ): Ներդրումների հիմնական աճը պայմանավորված է Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարանում մոտ 14 մլրդ դրամ ներդրումների նախատեսմամբ: Երկրորդ խոշոր ուղղությունը մայրուղային գազատարի վերանորոգումն է (որոշ հատվածներում` նորերի կառուցումը)` 3 տարում նախատեսվում է մոտ 8.5 մլրդ դրամ: Օրինակ`նոր գազատար կկառուցվի Կարմիր Կամուրջ-Կողբ հատվածում:



























