Հարավային Կովկասում ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պատրիկ Մերֆին անհանգստություն է հայտնել ԼՂ հակամարտության շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մարդկային զոհերի կապակցությամբ:
«Յուրաքանչյուր մահ ողբերգություն է»,-ասուլիսում հայտարարել է դեսպանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին:
Նրա խոսքով, միայն այս տարի Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին 28 մարդ է զոհվել: «Մենք կարող ենք (եւ, իրկանում, արդեն անում ենք այն) առաջարկել եւ մշակել նոր կամ ամրապնդել արդեն գոյություն ունեցող մեխանիզմները, ներառյալ շփման գծում մոնիթորինգների անցկացումը եւ միջադեպերի հետաքննությունը:
Անհրաժեշտ պայմաններն են, նախ, կողմերի համաձայնությունը, երկրորդ՝ ռեսուրսները: Ներկայումս, մենք առաջին փուլում կանգ ենք առել: Բազմաթիվ հայտարարությունները չեն կարող փոխարինել կողմերի քաղաքական կամքին՝ ստանձնած պարտավորությունների իրակացմանն ուղղված պրակտիկ քայլերի համար»,-հայտարարել է Պատրիկ Մերֆին:
«Սակայն մենք չենք հանձնվում, մենք շարունակում ենք աշխատել կողմերի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ նրա համանախագահների ձեւաչափի շրջանակներում, ինչպես նաեւ փորձում ենք առաջ մղել նախաձեռնությունները, որոնք ուղղված են երկու ժողովուրդների, առանձին մարդկանց միջեւ վստահության ամրապնդմանը՝ քաղաքացիական հասարակության եւ լրատվամիջոցների օգնությամբ»,-հայտարարել է Մերֆին:





























