Եվրամիության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ հանդիպման ժամանակ  հայտարարել է այդ երկրում օրենքի գերիշխանությանը հետեւելու անհրաժեշտության մասին: Այս մասին հաղորդում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը:

Էշթոնը գոհունակություն է հայտնել Վրաստանում ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու եւ իշխանությունը խաղաղ հանձնելու առնչությամբ: Եվրահանձնակատարը նշել է, որ ԵՄ-ն հատուկ ուշադրություն է դարձնում նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի եւ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կառուցողական համագործակցությանը:

Սահակաշվիլին եւ Էշթոնը քննարկել են նաեւ Վրաստան-ԵՄ հարաբերությունները: Էշթոնը հույս է հայտնել, որ Վրաստանի արտաքին քաղաքական կուրսը չի փոխվի եւ ինտեգրումը ԵՄ կառույցներին կշարունակվի, հաղորդում է «Գռուզիա Online»-ը:

Կողմերը նաեւ քննարկել են Վրաստանի անվտանգության ապահովման եւ այդ ուղղությամբ ԵՄ դիտորդների գործունեությանը վերաբերող հարցեր: