Եվրամիությունն ու Վրաստանը համատեղ ուժերով կհասնեն ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին՝ ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնի հետ հանդիպման արդյունքում:

«Մենք հույս հայտնեցինք, որ համատեղ ուժերով, նկատի ունեմ Վրաստանն ու ԵՄ-ն, ամեն կերպ կփորձենք հարթել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Առաջին փուլում կհարթվեն հարաբերություններն էկոնոմիկայի եւ մշակույթի ոլորտներում, իսկ ավելի ուշ կձգտենք հասնել մեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնման եւ բարեկամական հարաբերությունների ստեղծման»,-ասված է Իվանիշվիլիի հայտարարությունում, որը տեղադրվել է Facebook-ի նրա պաշտոնական էջում:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ Վրաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Էշթոնը շնորհավորել է Վրաստանի վարչապետին՝ հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած ժողովրդավարական ընտրությունների կապակցությամբ եւ եւս մեկ անգամ կոչ է արել Վրաստանի նախագահին եւ վարչապետին համագործակցել միմյանց հետ: