Պաշտոնական այցով Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր՝ նոյեմբերի 26-ին, հանդիպում է ունեցել Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթիի հետ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ մինչ այդ, Սերժ Սարգսյանն այցելել է Բեյրութի Նահատակների հրապարակ, հարգանքի տուրք մատուցել եւ ծաղկեպսակ դրել հուշարձանին:
Վարչապետ Նաջիբ Միկաթիի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը կարեւորել է երկկողմ համագործակցության տնտեսական բաղադրիչի զարգացումը՝ նշելով, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ցուցանիշները դեռեւս անբավարար են:
Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Նաջիբ Միկաթին ընդգծել են հայ-լիբանանյան միջկառավարական տնտեսական հանձնաժողովի աշխատանքին նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը, որը, կողմերի համոզմամբ, կարող է լուրջ խթան հանդիսանալ առեւտրաշրջանառության ցուցանիշների բարելավման, ներդրումների խթանման, Հայաստանի եւ Լիբանանի գործարար շրջանակների միջեւ առավել սերտ կապերի հաստատման համար: Փոխգործակցության զարգացման տեսանկյունից հեռանկարային են համարվել հատկապես գյուղատնտեսության, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների ոլորտները: Հանդիպմանը քննարկվել է նաեւ համատեղ Առեւտրաարդյունաբերական պալատի ստեղծման գաղափարը:
Օրվա ավարտին ի պատիվ պաշտոնական այցով Լիբանանի Հանրապետությունում գտնվող Սերժ Սարգսյանի եւ տիկին Ռիտա Սարգսյանի՝ Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի անունից կտրվի պաշտոնական ընթրիք:
































