Հայաստանում այսօր տիրող քաղաքական իրավիճակը ոչ նախընտրական է, ոչ էլ նախանախընտրական: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ, սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանը:

Ընտրողի տեսակետից դեռ ոչ մի աժոտաժ չկա, այլ հարց է, երբ իրավիճակին նայում ենք ԱԺ ամբիոնից, քաղաքական կուսակցությունների տեսանկյունից, մի քանի քաղաքական ուժեր արդեն սկսել են իրենց քարոզարշավը: Գեւորգ Պողոսյանը նշեց, որ խնդիրը այն չէ, որ Հայաստանի քաղաքացին անտարբեր է դարձել գործընթացների հանդեպ: Միշտ էլ ընտրություններից երկու ամիս առաջ է մոբիլիզացվում ընտրազանգվածը, իսկ մինչեւ այդ բոլոր գործընթացները մնում են քաղաքական, մեդիա մակարդակներում:

Սոցիոլոգը նշեց, որ միանշանակ կարելի է ասել, որ միասնական թեկնածուի վարկածը կրկին չիրականացավ, եւ այսօր գլխավոր ինտրիգը ԲՀԿ-ի հնարավոր թեկնածուի հետ է կապվում, այսինքն`  ԲՀԿ-ն կառաջադրի իր թեկնածուին, թե կսատարի գործող նախագահին: Հարցը փակվում է, եթե ԲՀԿ-ն որոշում է սատարել գործող նախագահին: «Այնպես է ստացվել, որ քաղաքական դաշտի նորամուտը ԲՀԿ-ով է պայմանավորված, մնացած կուսակցությունների պահվածքը չասեմ ածանցյալ, բայց ԲՀԿ-ից հետո է»,- ասաց նա` չցանկանալով բարձրաձայնել իր կարծիքը` ԲՀԿ-ի հավանական թեկնածուի առաջադրման մասին: Գեւորգ Պողոսյանը նշեց, որ ԲՀԿ-ն, օգտվում է օրենսդրական հնարավորությունից եւ ինտրիգը երկարաձգում են այնքան, որքան կարող են: «Եւ եթե օրենքով սահմանված կարգով թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը դեկտեմբերի 15-ն է, ապա դեկտեմբերի 14-ին կհայտարարեն»,- ասաց նա:

Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի ղեկավարը նշեց, որ առայժմ երկու թեկնածու կա` Սերժ Սարգսյանը եւ էպոսագետ Վարդան Սեդրակյանը: Իսկ «ժառանգություն» թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է,. որ կառաջադրվի, հետո ասել է, թե կմտածի: «Նա միշտ անակնկալ բաներ է անում, ոչ ոք, բացի իրենից, չի կարող ասել, թե ինչ է լինելու»,- ասաց նա: Սոցիոլոգը կարծում է, որ ՀՅԴ-ն հանդես չի գա սեփական թեկնածուով, իսկ Հայ ազգային կոնգրեսի դեպքում ավելի մեծ է հավանականությունը, որ չառաջադրի սեփական թեկնածու, քան առաջադրի: «Եթե ԲՀԿ-ն առաջադրի սեփական թեկնածուին, ՀԱԿ-ն, ըստ ամենայնի, կպաշտպանի նրանց, ճիշտ է` էլի ներքին ընդհարումներ կլինեն, մի մասը դուրս կգա ՀԱԿ-ից, բայց հնարավոր է, որ պաշտպանի»,- ասաց նա` չբացառելով, որ գուցե ՀՅԴ-ն եւս սատարի ԲՀԿ-ի թեկնածուին, բայց սա 50/50 հավանականություններից է:

Ամեն դեպքում, սոցիոլոգը կարծում է, որ միասնական թեկնածու չի լինի, քանի որ ընդդիմությունը բազմադեմ է: Նրա կարծիքով` իդեալական իմաստով միասնական թեկնածու Հայաստանում չի ստացվում մի շարք պատճառներով: Նախ, խանգարում են ամբիցիաները, երկրորդն էլ` իշխանությունը լավ աշխատում է այդ ուղղությամբ, որ միասնական չլինի:

Գեւորգ Պողոսյանը շեշտեց, որ Հայաստանում նախագահական ընտրությունները այնքան գայթակղիչ են, որ անպայման 4 հոգի կգտնվեն, որ առանց որեւէ հույսի կառաջադրվեն: Ինչ վերաբերում է կին թեկնածուների առաջադրմանը, նա նշեց, որ Հայաստանում նրանց շանսերը շատ ցածր են, անհավանական բան է: Թեեւ, սոցիոլոգի խոսքով, դա թարմություն կմտցնի, հետաքրքիր կլինի, բայց որեւէ էական շանսերի մասին խոսելը աբսուրդ է: «Մանավանդ «Ազատ դեմոկրատների» կողմից առաջադրված, որ կին էլ չլիներ, երկու տղամարդ էլ լիներ, բան չէր փոխվի»,- ասաց նա:

Նշենք, որ փետրվարին Հայաստանում սպասվում են նախագահական ընտրություններ: Իր թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարել է էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս տարվա հետաքրքիր նորամուծությունն այն է, որ ակտիվ են նաեւ կին թեկնածուները: Հավանական կին թեկնածուներից են Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, գործարար Սիլվա Համբարձումյանը: