Հայ ազգային կոնգրեսն այսօր հանդիսանում է բավականին ծանրակշիռ ուժ քաղաքական դաշտում, բնականաբար,նախագահական ընտրություններին նրա մասնակցության դերակատարությունը շատ մեծ է եւ պետք է ուղղորդի ընտրազանգվածին դեպի իր նախընտրելի թեկնածուն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող «Ժողովրդավարական ուղի» կուսակցության առաջնորդ Մանուել Գասպարյանը: Հարցին, թե ո՞վ է իրենց նախընտրելի թեկնածուն, նա պատասխանեց, որ այժմ մի փոքր խմորումներ են, դեռ վաղ է կարծիք հայտնել:
Իսկ ե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կարո՞ղ է լինել այդ թեկնածուն, հարցին էլ արձագանքեց. «Նախընտրելի թեկնածուն ինձ համար Լեւոն Տեր-Պետրոսյանն է մնում, բայց ոչ մի բան չենք կարող բացառել, ցանկալի է, որ թեկնածուն լինի ընդդիմադիր դաշտից»:
Նրա խոսքով` առաջիկա 10-15 օրերին կպարզվի ամեն ինչ, եւ կուսակցությունները կհայտնվեն իրենց դերերում: «Ցանկալի է, որ ընդդիմադիր դաշտում գտնվող ուժերը համախմբվեն մի թեկնածուի շուրջ, բայց Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումն ինձ համար պարզ չէ: Ինքը որպես թեկնածու իրեն տեսնում է ընդդիմադի՞ր դաշտում, թե՞ մնալու է որպես այլընտրանք: Եթե նա հանդես գա որպես ընդդիմադիր թեկնածու, չբացառենք նաեւ իր թեկնածությունը, բայց այսօր ես իրեն դեռ չեմ տեսնում որպես արմատական ընդդիմադիր ուժ, դրա համար մի փոքր վաղ է այդ մասին կարծիք հայտնելը»,-ասաց ՀԱԿ-ի մաս կազմող կուսակցության առաջնորդը:
Նա նշեց, որ քաղաքական դաշտը մի փոքր լղոզված է, խորհուրդ տալով սպասել ու տեսնել, թե ինչ քայլ կանի Գագիկ Ծառուկյանը` իր թեկնածությո՞ւնը կառաջադրի, կմիավորվի ՀԱԿ-ի այսօրվա լիդերի հետ` հանդես գալով որպես միասնական ուժ, թե՞ իր տեղը կզիջի առաջին նախագահին: Մանուել Գասպարյանը նշեց, որ միասնական թեկնածուն պետք է ժողովրդի մեծամասնության կողմից նախընտրելի լինի, իսկ իրենք ժողովրդին դեմ չեն գնա: «Մեր տեղը ժողովրդի կողքին է, մենք մնալու ենք ժողովրդի կողքին»,- ասաց Մանուել Գասպարյանը:
Նշենք, որ Հայ ազգային կոնգրեսը հիմնադրվել է 2008-ին, որին մաս են կազմում զանազան ընդդիմադիր կուսակցություններ, շարժումներ եւ անհատներ: Այժմ ՀԱԿ անդամ է 13 կուսակցություն եւ 2 նախաձեռնություն: Ժամանակի ընթացքում երեք ուժեր դադարեցրել են իրենց անդամակցությունը ՀԱԿ-ին՝ «Հանրապետությունը», «Հայաստանի Լիբերալ կուսակցությունը եւ «Հայ կամավորականների շարժում» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը:
Ավելի վաղ ՀԱԿ մաս կազմող «Հայրենիք եւ Պատիվ» կուսակցությունը հայտարարել է, որ չի ողջունում, որ ՀԱԿ-ԲՀԿ միասնական թեկնածուն լինի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Եւ եթե 2013-ի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջադրի իր թեկնածությունը, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցությունը կմասնակցի, կօգնի ՀԱԿ-ին, իսկ եթե չառաջադրվի, վերջիններս կկասեցնեն իրենց անդամակցությունը ՀԱԿ-ին:




























