Նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ում մահացած երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը մինչեւ շաբաթվա վերջ անպայման կտեղափոխեն Հայաստան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ֆլորա Մարտիրոսյանի անձնական օպերատոր Արթուր Հովհաննիսյանը: Այլ մանրամասների նա չէր տիրապետում:

Փորձեցինք մանրամասներ ճշտել  Ֆլորա Մարտիրոսյանի` ԱՄՆ-ում բնակվող քրոջ որդուց` Մանուկից: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ դեռեւս հայտնի չէ աճյունը Հայաստան տեղափոխելու օրը, այժմ զբաղված են ամերիկյան թղթաբանությամբ:

Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Լոս Անջելեսում, սակայն օրը դեռեւս հայտնի չէ: Հայտնի երգչուհու հուղարկավորությունը կկայանա Հայաստանում: Այստեղ կորոշեն, թե որտեղ կհուղարկավորեն հայտնի երգչուհուն` Կոմիտասի անվան պանթեոնում, թե՝ քաղաքային պանթեոնում:

Մանուկը նշեց, որ Ֆլորա Մարտիրոսյանի հարազատները բժիշկների, հիվանդանոցի դեմ դատական գործ սկսելու մտադրություն չունեն: Նա հաստատեց լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե վատացել է սիրված երգչուհու ամուսնու` Հրահատ Գեւորգյանի առողջական վիճակը: Նախկինում եւս նա առողջական խնդիրներ ուներ, սակայն այժմ դրանք սրվել են:

Հիշեցենք, որ Հայաստանի ժողովրդական արտիստուհի, հայտնի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է նոյեմբերի 20-ին, ԱՄՆ-ում։ Նա 55 տարեկան էր: