Ցածր գների դեմ Եվրոպական կաթ արտադրողների բողոքի ցույցը, որն սկսվել էր նոյեմբերի 26-ին Բրյուսելում Եվրախորհրդարանի շենքի առջեւ, օրվա վերջում վերաճել է ոստիկանության հետ լուրջ բախումների:
Դեռ առավոտվանից Եվրախորհրդարանի շենքը պատել են փշալարերով: Շենքը հսկվում է:
Լյուքսեմբուրգի հրապարակում`Եվրախորհրդարանի շենքի առաջ, մեծ վրան է խփած, տեղակայվել են կենսազուգարաններ, բողոքի ցույցը երկօրյա է:
Բելգիայի նահանգներից, Ֆրանսիայից, Նիդեռլանդներից եւ Գերմանիայից Բրյուսել ժամանած կաթ արտադրողները 800 տրակտորներով շրջափակել են բազմաթիվ վայրեր: Ըստ ոստիկանության տվյալների` Բրյուսելում հավաքվել են եվրոպական երկու հազար կաթ արտադրողներ, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Տեղական ժամանակով ժամը 16:00-ին բողոքողները Եվրախորհրդարանի շենքն սկսել են ողողել կաթով՝լցնելով 15 հազար լիտր կաթ: Շենք ներխուժելու նրանց փորձի ժամանակ ոստիկանությունը ջրցան եւ արցունքաբեր գազ է կիրառել:
Ցույցի մասնակիցները Եվրախորհրդարանի շենքի մոտակայքում մեքենայի մի քանի անվադողեր են այրել:











