Ռուսական փանք  Pussy Riot խմբի անդամները հայտնվել են Time-ի «Տարվա մարդ» անվանակարգի թեկնածուների ցուցակում:  Հաղթողներին որոշում են խմբագրական կազմը եւ ընթերցողները:

Ամսագրի կայքում բաց քվեարկության ընթացքում խմբագրական անձնակազմի հետ համաձայնել է ընթերցողների միայն 34%-ը, իսկ 66% -ը Pussy Riot-ին հավակնորդների ցուցակում ընդգրկելուն կտրականապես դեմ է արտահայտվել:

Այս տարվա հավակնորդների շարքում են ամերիկյան առաջնորդ Բարաք Օբաման, Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին եւ նրա սիրիացի գործընկեր Բաշար Ասադը, պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ինչպես նաեւ լողորդ, օլիմպիական չեմպիոն Մայքլ Ֆելփսը:

Այս պահին ամենաքիչ «դեմ» ձայներ ունի 15-ամյա պակիստանուհի Մալալա Յուսուֆզայը: Նա բլոգ էր վարում, որտեղ գրել էր, թե ինչպես է երազում իր երկրում առանց վախի դպրոց գնալու մասին, որտեղ ծայրահեղական «Թալիբան» շարժումը շարիաթի օրենքներ է հաստատել: Հոկտեմբերին թալիբները աղջկա դեմ մահափորձ էին կատարել: 

Ցուցակում է նաեւ ՆԱՍԱ-ի նախագծի շրջանակում այս տարի Մարս ուղարկված մարսագնաց Curiosity-ն: Ցուցակում կա նաեւ ապօրինի  ներգաղթյալի հավաքական կերպարը, որի դերը ԱՄՆ-ի կյանքում եւ ընթերցողները, եւ խմբագրակազմը նշանակալի են համարում: