Հայ ազգային կոնգրեսում ամեն ինչ իրար է խառնվել։ Որոշ ուժեր սպառնում են կասեցնել իրենց անդամակցությունը կոնգրեսին, եթե վերջինս պաշտպանի ԲՀԿ-ի թեկնածուին, մյուսներին անհանգստացնում է, թե ինչու Տեր-Պետրոսյանը լռում է ու չի հայտարարում իր առաջադրման մասին։ Այդ մասին գրում է «Իրատես de facto» թերթը։

«Ավելին, շատերը նեղսրտած են, թե ինչու կոնգրեսի անունից միայն «առանձնահատուկ» մարդիկ են հայտարարություններ անում, ու իրենց ոչ մի կերպ չի հաջողվում իրավիճակի վերաբերյալ հստակ դիրքորոշում լսել ՀԱԿ-ի առաջնորդից:

Մեզ հետ զրույցում կոնգրեսի մեր աղբյուրները վստահեցրին, որ այս քաղաքական ուժը հետեւողականորեն քայքայման է գնում, որովհետեւ, բացի ԱԺ խմբակցությունից, ոչ մի քաղաքական գործունեություն չի հիշեցնում այդ ուժի մասին: Այնինչ, նույնիսկ այս փոքր խմբակցության ներսում, ինչպես բազմիցս գրվել է, հարաբերություններն այնքան էլ հարթ չեն:

Այդուհանդերձ, մեր աղբյուրի դիտարկմամբ, առաջիկա ընտրությունները լուրջ փորձաքար են լինելու ՀԱԿ-ի համար. ընդդիմադիր այդ շարժումը կբռնի՞ ժամանակի քննությունը, թե՞ նրա մասին մերթընդմերթ կհիշեցնի խորհրդարանական խմբակցության անունը միայն: Ի հավելումն այս ամենի, նկատենք, որ, նույն աղբյուրի պնդմամբ, կոնգրեսում կա մի թեւ, որը պայքարի հարթակ է տեսնում ոչ թե ԱԺ ամբիոնը, այլ միտինգները, այլ խոսքով` «փողոցային» պայքարը, ու հենց վերջիններս են ամենից շատ հիասթափված կոնգրեսի այսօրվա քաղաքական մարտավարությունից»,- գրում է «Իրատես de facto»-ն։