«Միսս Սինալոա նահանգ-2012» Մարիա Սուսանա Ֆլորես Գամեսը սպանվել է Մեքսիկայի արեւմտյան Մոկորիտո քաղաքում զինվորականների եւ հանցավոր խմբավորման անդամների փոխհրաձգության հետեւանքով:

22-ամյա աղջկա մահվան հանգամանքները չեն հաղորդվում: Վարկածներից մեկով՝ աղջիկը փեսացուի հետ զբոսնելիս պատահաբար հրաձգության տակ է հայտնվել, երկուսն էլ տեղում մահացել են: 

Մեկ այլ վարկածով, նրա փեսացուն խմբավորման անդամներից էր, հարձակում էր գործել զինվորականների վրա եւ սպանվել պատասխան կրակոցներից: Սակայն այս դեպքում հարց է ծագում՝ ինչ գործ ուներ այդտեղ Ֆլորես Գամեսը:

«Ռիա Նովոստին» նշում է, որ վերջերս Լատինական Ամերիկայի գեղեցկուհիները հաճախ քրեական պատմությունների մասնակից են դառնում: Այս տարվա նոյեմբերին վենեսուելացի մոդել Գաբրիելա Ալեխանդրա Ֆերնանդես Օկանդան ձերբակալվել էր ՝թմրաբարոն Դանիել Բարերայի հետ ենթադրյալ կապ ունենալու կասկածանքով: