Միջազգային փորձագետների խումբը արտաշիրմել է պաղեստինցի նախկին առաջնորդ Յասիր Արաֆաթի մարմինը, որն ամփոփված է Հորդանան գետի արեւմտյան ափի Ռամալահ քաղաքի դամբարանում:

Շվեյցարացի, ֆրանսիացի եւ ռուս մասնագետները կուսումնասիրեն Արաֆաթի մնացորդները՝ դրանցում ռադիոակտիվ տարրերի առկայությունը պարզելու համար: Թեստերի արդյունքները կհրապարակվեն մի քանի ամսից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ընթացակարգը կանցկացվի առանց լրագրողների՝ խիստ գաղտնիության պայմաններում:

Այն, որ Արաֆաթի մարմինն  արդեն հանել են, հայտնում են չինական լրատվամիջովցները՝ վկայակոչելով պաղեստինյան աղբյուրներին, գրում  է «Նեզավիսիմայա գազետան»:

Արաֆաթը վախճանվել էր 2004 թ. Փարիզի ռազմական հոսպիտալում, որտեղ տեղափոխվել էր ծանր վիճակում: Այս տարվա օգոստոսին Ֆրանսիայի դատախազությունը սկսել էր հետաքննել նրա մահվան հանգամանքները: Առիթ էր դարձել «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի լրագրողների նկարահանած ֆիլմը, որում պնդում են, թե Արաֆաթի հագուստին ռադիոակտիվ պոլոնիա-210 է եղել: