Մոսկվայում կայացել է Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի երիտասարդ մասնագետների անվտանգության հարցերով գիտակրթական առաջին ծրագիրը՝ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ) - 20 տարի. Արդյունքներ եւ հեռանկարներ»:
Հայաստանում ԱՊՀ գործերով դաշնային գործակալության ներկայացուցչությունից NEWS.am-ին հաղորդել են, որ սեմինարին մասնակցել են ՀԱՊԿ քարտուղարության, ռուսական մի շարք գիտական եւ գիտահետազոտական հաստատությունների, այդ թվում` Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Ռազմական համալսարանի փորձագետները: Մասնակիցներն այցելել են Ռուսաստանի ԱԻՆ հակահրդեհային ծառայության ակադեմիա եւ Ռուսաստանի ՆԳՆ որակավորման բարձրացման համառուսական ինստիտուտ: Միջոցառման ավարտին մասնակիցներին դիպլոմներ եւ «Միր»-ի պատրաստած «ՀԱՊԿ-20 տարի. Միասին մենք ուժ ենք» փաստագրական ֆիլմն են հանձնել:
Կոնֆերանսի կազմակերպիչներն էին ՀԱՊԿ քարտուղարությունը, «ՀԱՊԿ ինստիտուտ» անկախ ոչ առեւտրային կազմակերպությունը եւ Ա.Մ. Գորչակովի անվան հրապարակային դիվանագիտության աջակցման հիմնադրամը: Զեկույցներով հանդես են եկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, կրթական ծրագրերի տնօրեն Նատալյա Բուրլիմովան, «ՀԱՊԿ ինստիտուտի» տնօրեն Ալեքսանդր Բաբակովը:
Սեմինարին մասնակցել են ԱՊՀ երկրների, ինչպես եւ ՀԱՊԿ անդամ պետությունների, այդ թվում՝ Սերբիայի ավելի քան 35 երիտասարդ մասնագետներ:




























