Կոպեյսկի № 6 խիստ ռեժիմի գաղութում զանգվածային ցույցի պատկերը հաջողվել է վերականգնել տեսագրությունների միջոցով:
Տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է բանտարկյալների ամբոխը դեպի բակ շարժվում, գրում է Life News-ը: Ամենահամեստ հաշվարկով՝ մասնակիցների թիվը 1400 է եղել: Կատաղած բանտարկյալները մի քանի վայրկյանում քանդել են արգելապատնեշը:
«Ճաշից առաջ 6 ստորաբաժանումների բանտարկյալներ դուրս են եկել միջանցք եւ պահման ռեժիմի մեղմացման ապօրինի պահանջ ներկայացրել», - ասել են Չելյաբինսկի պատժի իրագործման դաշնային ծառայության վարչությունից:
Մեկ այլ տեսախցիկ արձանագրել է, թե ինչպես մի քանի բանտարկյալ մագլցում են աշտարակը եւ տանիքներ, որտեղ խնդրանքներով պաստառներ եւ բողոքի հայտարարություններ են տեղակայում:
Աշտարակում եւ տանիքներին բանտարկյալները գտնվել են գրեթե երկու օր եւ գրաված տարածքները լքել են միայն հարազատների եւ մարզային իշխանության ներկայացուցիչների գալուց հետո: Նրանց հետ հանդիպմանը կալանավորները ներկայացրել են գանգատները եւ պայման դրել, որ ցույցը կդադարեցնեն, եթե քննչական կոմիտեն քրեական գործ հարուցի գաղութի պետի դեմ:
Պատժի իրագործման դաշնային ծառայության գլխավոր վարչության տվյալներով՝ թիվ 6 գաղութում իրավիճակը կարգավորվել է: Սակայն գաղութի աղբյուրը տեղեկացնում է, որ բանտարկյալները նախկինի պես հրաժարվում են ենթարկվել կարգուկանոնին:
«Այս առավոտ բանտարկյալները մարզանք չեն արել եւ հրաժարվել են աշխատել: Մեր տվյալով՝ ռեժիմը խախտողների թիվը հազարից ավելի է», - պատմել են գաղութում:





























