Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լավագույն գաղափարներ ներկայացրած թիմերը կստանան դրամաշնորհ՝ 15 հազ. դոլարի չափով: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին Երեւանում ընթացող «Վենչուրային կոնֆերանսի» ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը: Դրամաշնորհային այս ծրագիրը գործում է 2006 թ.-ից, սակայն այն ժամանակ դրամաշնորհը 5 հազ. դոլար էր: Ըստ Տ. Հարությունյանի՝ 15 հազ. դոլար դրամաշնորհը թույլ կտա սկսնակ ընկերություններին՝ դուրս գալ շուկա:
Վենչուրային կոնֆերանսի կազմակերպիչներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը եւ ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների եւ զարգացման հիմնադրամը; Կոնֆերանսն անց է կացվում Գիտության եւ տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակներում:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ասաց, որ այս տարի ներկայացված 50 ծրագրերից ընտրվել են 21-ը, որից էլ 5-ը կստանան դրամաշնորհ: Ժյուրիի կազմում ընդգրկված են մասնագետներ ինպես Հայաստանից, այնպես էլ ԱՄՆ-ից: Բ. Ենգիբարյանի տեղեկացմամբ՝ նախկինում հաղթած ընկերությունները հաջողությամբ շարունակել են գործել շուկայում;
Կոնֆերանսն անց է կացվում «Գաղափարից դեպի շուկա» խորագրի ներքո: Կոնֆերանսի հիմնական նպատակն է երիտասարդ գիտնականների եւ նոր ստեղծված ընկերություններին աջակցելը:





























