ԱՊՀ սահմաններից դուրս հայկական կոնյակը քիչ է հայտնի: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 27-ի մամուլի ասուլիսում նշել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Լիչը:

«Ես կցանկանայի բրիտանական խանութների ցուցափեղկերում ավելի շատ հայկական ապրանքներ  տեսնել: Կարծում եմ, Հայաստանն արտահանելու բան ունի: Առաջինը, բնականաբար, հայկական կոնյակն է: Եւ թեեւ Չերչիլը սիրում էր այն, ԱՊՀ սահմաններից դուրս դրա մասին քչերը գիտեն:  Այս առնչությամբ,- հավելել է նա,- Հայաստանի կոնյակագործների միությունը կարող է որոշակի աշխատանք կատարել հայկական արտադրությունը ներկայացնելու եւ արեւմտաեվրոպական շուկայում դրա իմիջը ձեւավորելու ուղղությամբ:

Նշենք, ներկայումս հայկական կոնյակը Մեծ Բրիտանիա չի արտահանվում: Սպիրտային թունդ խմիչքների ոչ մեծ խմբաքանակներ արտահանվում են Ֆրանսիա, Իտալիա, Լեհաստան, Չեխիա եւ Բուլղարիա:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am