Հայ Ազգային Կոնգրեսն առաջիկա նախագահական ընտրություններում պետք է հանդես գա սեփական թեկնածուով: Այդ մասին այսօր` նոյեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«ՀԱԿ-ը պետք է ունենա իր թեկնածուն, եթե չենք ուզում սպանել շարժումը»,- ասաց Հ. Բագրատյանը, սակայն վաղաժամ համարեց հրապարակել թեկնածուի անունը, նշելով, որ ՀԱԿ-ի կազմում ընդգրկված կուսակցություններից ցանկացածի ներկայացուցիչը կարող է հանդիսանալ որպես միասնական թեկնածու:
ԲՀԿ-ի հետ բանակցությունների մասին Հ. Բագրատյանն ասաց հետեւյալը. «Ես պրոցեսից տեղյակ չեմ, գիտեմ, որ պրոցես կա` ՀԱԿ-ԲՀԿ, ՀԱԿ-Դաշնակցություն… Թող բանակցեն, բայց ես իմ ընկերներին ասել եմ, ինչու ե՞ք անընդհատ կենտրոնանում ԲՀԿ-ի վրա, եթե անում եք նորմալ գործ` արեք, ինչու ե՞ք րոպեն մեկ այդ մասին հանրությանը տեղյակ պահում… Շատ գնացինք էս առումով, վերջում պարզվելու է, որ տակը բան չկա»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























