Թբիլիսիում ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Ասիայի հարցերով երկրորդ տեղակալ Էրիկ Ռուբինը եւ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին քննարկել են վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորման հարցը: Այդ մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը: Հանդիպումն անցել է փակ դռների հետեւում:
Վարչապետը հանդիպման ավարտին հայտարարել է, որ ակնկալում է ԱՄՆ-ի աջակցությանն այդ գործընթացում, հաղորդում է «Գռուզիա օնլայնը»:
Վարչապետն ընդգծել է, որ անցած 20 տարին ապացուցել են, որ ԱՄՆ-ն «Վրաստանի իսկական գործընկերն է»: Նա շնորհակալություն է հայտնել Ռուբինին ԱՄՆ-ի աջակցության համար:
Էրիկ Ռուբինը Թբիլիսի է ժամանել նոյեմբերի 27-ին եւ հանդիպումներ կունենա ԱԳՆ-ի ղեկավար Մայա Փանջիկիձեի եւ Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գիգա Բոքերիայի հետ: Այցի շրջանակում Էրիկ Ռուբինը նաեւ կմասնակցի պաշտպանության եւ անվտանգության աշխատանքային խմբի հանդիպմանը, որն ստեղծվել էր Վրաստանի եւ ԱՄՆ-ի մարտավարական համագործակցության խարտիայի շրջանակում:
«Նովոստի Գռուզիա» թերթը նշում է, որ Վրաստանը եւ ԱՄՆ-ն դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թ. ապրիլի 23-ին: Այդ ժամանակից ի վեր ԱՄՆ-ն Վրաստանին ցուցաբերել է ավելի քան երեք միլիարդ դոլարի օգնություն, որից մեկ միլիարդը տրամադրվել էր 2008 թ.-ին` օգոստոսյան պատերազմի հետեւանքները վերացնելու համար: Վերջին 20 տարիներին Վրաստանը եւ ԱՄՆ-ն ստորագրել են շուրջ 45 համաձայնագիր: Վրաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրաշրջանառությունը վերջին 20 տարիներին աճել է մինչեւ 2,2 միլիարդ դոլարով:





























