Իրանը նախատեսում է խողովակատար կառուցել, որպեսզի ավելացնի բնական գազի մատակարարումը հյուսիսային նահանգներ եւ կրճատի Թուրքմենստանից ներկրման կախվածությունը: Այդ մասին գրում է Tehran Times-ը` վկայակոչելով Իրանական ազգային գազային ընկերության ղեկավար Ջավդ Օուջիին: 

Խողովակաշարի 160-կմ-անոց ճյուղը, որը գազ կմատակարարի Սեմնան նահանգից Կասպից ծովին սահմանակից Մազանդարան նահանգ, կկառուցվի երկու տարվա ընթացքում: Նախագծում նախատեսվում է կատարել 286 միլիոն դոլարի ներդրում, հայտնում է  «Վեստի էկոնոմիկան»:

Իրանը Թուրքմենիայից օրական 18 միլիոն խմ գազ է ներկրում, իսկ ձմեռային ամիսներին այդ թիվը հասնում է 30 միլիոն խմ-ի: Նախորդ տարի երկրում գազի պահանջարկը կազմել է 153,3 միլիարդ խմ, այն դեպքում, երբ արտադրական գազի ծավալը հասել է 151,8 միլիարդ խմ-ի: