Հայ երիտասարդ գիտնականների խումբը մշակել է անասունների արհեստական բեղմնավորման բիոտեխնոլոգիական մեթոդ: Մեթոդի էությունը հետեւյալն է. ոչ մեծ չափերով սարքն ակտիվացնում է անասունի նոսրացված սերմնահեղուկը մեխանիկական վիբրացիայի միջոցով: Հայտնագործությունը ներկայացվել է այս օրերին Երեւանում ընթացող Վենչուրային կոնֆերանսին, որտեղ լավագույն գաղափարների համար նախատեսված է 15 հազ. դոլար դրամաշնորհ:

Հայտնագործությունը ներկայացնող Նաիրա Բաղդասարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ գյուտը մշակվել է Երեւանի բժշկակենսաբանական կենտրոնում: Սարքի առավելությունն այն է, որ կարելի է օգտագործել ոչ միայն ֆերմայում (շենքային պայմաններում), այլեւ ցանկացած տեղ` սարում, արոտում եւ այլն: Սա նպատակահարմար է այն առումով, որ խոշոր եղջերավոր անասունների ակտիվ բեղմնավորման շրջանը մայիս-հունիսին է, երբ անասուններին ուղարկում են արոտներ:

Ն. Բաղդասարյանը նշեց, որ սարքը փորձարկել են խոզերի վրա եւ ստացել մոտ 98% արդյունավետություն, զգալիորեն ավելի բարձր, քան ժամանակակից մյուս մեթոդների կիրառման դեպքում (էլեկտրամագնիսական ճառագայթում, էմբրիոնների հեղուկներ): Սակայն սարքը կիրառելի է բոլոր անասունների համար: Բացի այդ` մեխանիկական վիբրացիայի առաջարկվող մեթոդը ավելի հեշտ է կիրառել, այն հատուկ մասնագետ չի պահանջում` բավարար է անասնաբույժը:

Սարքի արժեքը, ըստ Ն. Բաղդասարյանի, կլինի 400 դոլար: Հայաստանում նման սարքի նկատմամբ կարող են պահանջարկ ձեւավորել խոշոր եւ միջին ֆերմաները, ինչը մոտ 3000 սարքի պահանջարկ է ստեղծում: