Հայաստանյան PSI ընկերությունը մշակել է գերզգայուն սեյսմիկ դետեկտոր, որն իր զգայունության աստիճանով էապես գերազանցում է աշխարհում գոյություն ունեցող նմանատիպ բոլոր սարքերին: Այդ մասին NEWS.am-ին ասաց ընկերության ներկայացուցիչ Վարդան Գեւորգյանը, ով սարքը ներկայացնում է Երեւանում ընթացող «Վենչուրային կոնֆերանսում»:
Նրա խոսքով` այս սարքը կարող է գործիք հանդիսանալ երկրաշարժերի մասին տեղեկատվություն ստանալու, քանի որ գրանցում է մինչ երկրաշարժային ամենաթույլ տատանումները, այնինչ ներկայում հայտնի բոլոր դետեկտորները կարողանում են միայն երկրաշարժը գրանցել: Վ. Գեւորգյանն իր գյուտը համեմատեց օձերի գերզգայուն մաշկի հետ: «Օձերն ունեն այդ սենսորներն իրենց մաշկի վրա, ընդերքում ալիքներն ու տատանումները զգում են, ու բնից դուրս են գալիս երկրաշարժիից առաջ ու փրկվում են: Մարդկությունը չունի այդ սենսորը, բայց այսպիսի սարքերը կօգնեն կանխագուշակել երկրաշարժերը»,- ասաց Վ. Գեւորգյանը: Սարքն այնքան զգայուն է, որ հարեւան երկրներում ընդերքում ընթացող տատանումները կարող է գրանցել:
Ընկերությունը ներկայում սենսորներ է մատակարարում Սինգապուրին, սակայն ցանկություն կա զանգվածային արտադրություն հիմնելու: Ներդրումների համար նախնական հարկավոր է 250 հազ. դոլար, ինչը թույլ կտա մի քանի տասնյակ սեյսմիկ դետեկտոր արտադրել, սակայն գործարանային արտադրություն սկսելու դեպքում 6 մլն դոլար է հարկավոր:
Ներկայում աշխարհում սեյսմիկ դետեկտորների միջին գինը 10 հազ. դոլար է, բայց հայկական դետեկտորներն ավելի էժան են` 8 հազ. դոլար, ու պարամետրերով գերազանցում են նույնիսկ ամենաթանկ դետեկտորներին:





























