2008թ-ի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր նոր հանձնաժողովի ստեղծումը 5 տարի անց որեւէ լուրջ բան չի կարող կատարել : Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, պետական-իրավական մշտական հանձնաժողովի անդամ Հովհաննես Սահակյանը:
ԱԺ պատգամավորի խոսքով,այդ հանձնաժողովի ստեղծումը նպատակահարմար չէ եւ դրանով ընդդիմադիր հատվածը փորձում է օրակարգի մեջ որոշակի ակտիվություն մտցնել: «Հնչեղություն ապահովելու համար նման նախաձեռնությամբ է հանդես գալիս: Ես կարծում եմ, որ հանձնաժողովը 5 տարի անց, որեւէ լուրջ բան չի կարող կատարել: Առավելեւս, երբ արդեն մեծ ծավալի աշխատանք է կատարվել եւ նմանատիպ եւս մեկ աշխատանք կազմակերպելը իրատեսական չեմ համարում»,- արձագանքեց Հովհաննես Սահակյանը: Հարցին, թե մասնակցելու է քննարկմանը, նա ասաց, որ պաշտոնական այցով գտնվում է Բրյուսելում եւ չի կարող մասնակցել քննարկմանը:
ՀԱԿ-ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր, պետական-իրավական մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Ջհանգիրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ վաղը` նոյեմբերի 11.00-ին ԱԺ-ում տեղի կունենա քննարկումը եւ բոլոր հարցերի պատասխանները ու հակադարձումները կտրվեն քննարկման ընթացքում: Դիտարկմանը, թե պատգամավորներ կան, ովքեր բացակայելու են, նա ասաց. «Ովքեր ներկա կլինեն մենք նրանց հետ կքննարկենք»:
Ավելի վաղ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը տեղեկացրել էր, որ Հայաստանում չլինելու պատճառով չի կարողանա մասնակցել նոյեմբերի 28-ին կայանալիք ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստին, որի օրակարգում ներառված է 2008թ-ի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը, բայց նա կողմ է այդ հարցն ԱԺ օրակարգ մտցնելուն: Հիշեցենք, որ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 28-ի նիստի օրակարգում է 2008թ.-ի մարտյան դեպքերի կապակցությամբ խորհրդարանական նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամների հեղինակած որոշման նախագիծը: Հանձնաժողովը պետք է ԱԺ-ին ներկայացնի իր եզրակացությունը` նստաշրջանի օրակարգի նախագծում այն ընդգրկելու վերաբերյալ:




























