Բրիտանական ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի լեռնամետալուրգիական սեկտորով եւ ենթակառուցվածքային նախագծերով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27-ին, Երեւանում հայտարարել է Հայաստանում եւ Վրաստանում բրիտանական բիզնես պատվիրակության ղեկավար, բրիտանական արտահանմանն աջակցող «British Expertise» մասնավոր ընկերության տնօրեն Նայջել Փիթերսը:

Նրա խոսքով, առաքելությունը մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հետ, ով հյուրերին ներկայացրել է երկրում բիզնեսով զբաղվելու հնարավորությունները, տեղի օրենսդրության առանձնահատկությունները: «Մեր կարծիքով, Հայաստանում հարկային տոկոսադրույքները բավական շահավետ են»,-նշել է Փիթերսը:

Բիզնես կապերի խթանման համար շատ օգտակար կարող են լինել շփումները եւ այդ համատեքստում օգտակար է 2013 թվականից ԵՄ երկրների քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացումը: «Այլ է օդային կապը: Տարածաշրջանի մյուս երկրների համեմատ, Երեւան ժամանելն ավելի թանկ է»,-ասել է Փիթերսը:

Նշենք, որ Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ ապրանքաշրջանառությունը 2011 թվականին կազմում է շուրջ 48 մլն դոլար, որից 380 հազարը հայկական արտահանումն է, հիմնականում ծխախոտ, օրթոպեդիկ սարքեր, արվեստի առարկաներ եւ այլն:

Բրիտանիայից ներկրվում է հիմնականում սպիրտային խմիչքներ, կենդանիների կեր, դեղեր, օծանելիք, մետաղական կոնստրուկցիաներ, ճանապարհային տեխնիկա եւ մեքենաներ:

 

Լուսանկարն Արմեն Սարգսյանի NEWS.am