«Սպայկա» ընկերությունը 12 մլն դոլար կներդնի մրգերի եւ բանջարեղենի վերամշակման գործարանի համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկասվար Կարեն Բաղդասարյանը:

Նրա խոսքով` գործարանը փորձնական ռեժիմով կաշխատի 2013թ. հունվար-փետրվարին, իսկ լիարժեք ծանրաբեռնվածության համար (տարեկան մոտ 40 մլն ապակյա տարա) արդեն պատրաստ կլինի ապրիլին: Երեւանում տեղակայված գործարանը կարտադրի տարբեր մրգային եւ բանջարեղենային հյութեր եւ պահածոներ:

Գործարանում իտալական սարքավորումներ կտեղադրվեն, որի ձեռքբերման համար գումարներ են ներգրավվել իտալական ընկերությունների համար արտահանման աջակցության SACE պետկազմակերպությունից: «Այդպիսով մենք կարողացանք Հայաստանում շուկայականից ավելի շահավետ պայմաններ ստանալ»,-նշեց Կ. Բաղդասարյանը:

Նրա խոսքով` գործարանը ստեղծվում է ֆերմերների հետ կապերն ամրապնդելու համար: «Նախկինում ոչ մենք, ոչ ֆերմերները չգիտեին, թե ինչպիսի ծավալ մենք կարող ենք իրենցից գնել. անհնար էր նախապես կանխատեսել, որքան բերք կունենան, ոչ միայն որակի, այլեւ ապրանքային տեսքի եւ պահպանության տեսակետից: Հիմա մենք ֆերմերներից կոնկրետ ծավալը կարող ենք գնել, որից հետո կորոշենք` որ մասը արտահանել, որ մասը`վերամշակել: Նման հստակությունը կօգնի թե մեզ, թե ֆերմերներին»,-նշեց զրուցակիցը:

Նշենք, որ 2011 թ. Հայաստանից վերամշակված մրգերի, բանջարեղենի արտահանումը կազմել է մոտ 13.9 մլն դոլար: