Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում, այսօր` նոյեմբերի 27-ին, տեղի ունեցավ  «Օլիմպ» կոոպերատիվի, Աբովյան 4 հասցեի տարածքի (որտեղ գտնվում էր հագուստի «Միլանո» խանութը) նախկին սեփականատեր Հովհաննես Ղուկասյանի դատական հայցի քննությունը: Հայցը ընդդեմ Հայաստանի Հանրապետության է ` ի դեմս քաղաքապետարանի:

Հայցվոր կողմը դատարանին ներկայացրել է տեղեկանքներ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից, որոնք Ղուկասյանի փաստաբանների`Հայկ Ալումյանի եւ Տիգրան Հայրապետյանի կարծիքով հստակ վկայում են այն մասին, որ կառույցի վիճահարույց երկրորդ հարցը, որը նախկինում պատկանում էր գործարարին, օրինական է եղել:

Հայկ Ալումյանն ընդգծեց, որ վեճը վերաբերում է  երկրորդ հարկին: Ինչպես հայտնի է, պետության ու հասարակության կարիքների համար 2008թ. օտարված իր անշարժ գույքի դիմաց Ղուկասյանը փոխհատուցում էր ստացել ընդամենը մեկ հարկի համար։  Դատավոր Կարախանյանը որոշեց հետաձգել նիստը` միաժամանակ բավարարելով կողմերի` տվյալ գործով 2009թ. դատաքննության նյութերը, ինչպես նաեւ անշարժ գույքի վերաբերյալ փաստաթղթերն  ուսումնասիրելու վերբերյալ միջնորդությունը: Հաջորդ դատական նիստի օրը կնշանակվի այն ժամանակ, երբ  կստացվեն Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից եւ այլ պետական մարմիններից պահանջված փաստաթղթերը: