Հարավային Կորեայի իշխանությունները Ջիլի Քելլիին զրկել են ԱՄՆ-ում պատվավոր հյուպատոսի պաշտոնից, ով պարզվել է, առնչություն ունի սկանդալի հետ, որը հանգեցրել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Դեւիդ Պետրեուսի հրաժարականին:
Հարավային Կորեայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով, սկանդալի պատճառով Քելլին ի վիճակի չէ կատարել պատվավոր հյուպատոսի աշխատանքը նախկին ծավալով, հաղորդում է South Korea News-ը:
Նախօրեին, Վաշինգթոն այցելության ժամանակ, Հարավային Կորեայի ԱԳ փոխնախարար Կիմ Կյու Հյուն հայտարարել է, որ Քելլին չարաշահել է իր նկատմամբ վստահությունը: «Պատվավոր հյուպատոսին չի սազում առեւտրային նախագծերում ներգրավման ձգտումը եւ այդ առեւտրում իր ազդեցությունն օգտագործելը»,-հավելել է նա:
37-ամյա Ջիլի Քելլին, ով միջոցառումներ է կազմակերպել ամերիկացի սպաների համար, պատվավոր հյուպատոս է նշանակվել այս տարվա օգոստոսին՝ ԱՄՆ-ում Հարավային Կորեայի դեսպանատան առաջարկով:
Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ Քելլին դիմել էր ՀԴԲ-ին, բողոքելով, որ ինչ-որ մեկը սպառնալիքներով լի նամակներ է ուղարկում իրեն: Քննիչները պարզել էին, որ նամակների հեղինակը լրագրողուհի Պոլա Բրոդուելն է՝ ԿՀՎ ղեկավար Դեւիդ Պետրեուսի սիրուհին, ով հանձինս Քելլիի, իրեն մրցակից է տեսել:




























