Կազակական ջոկատներն, այսօր՝ նոյեմբերի 27-ին, փորձնական շրջայց են կատարել Մոսկվայի կենտրոնում՝ Հարավ-արեւելյան եւ Կենտրոնական օկրուգներում: 7 կազակներ կարմիր շերտագծով կապույտ համազգեստով եւ մեկ ոստիկան պարեկային ծառայություն են անցկացրել Բելառուսական կայարանի տարածքում:

Մոսկվայի Հարավ-արեւելյան կազակների շրջանային ընկերակցության կազակ գնդապետ Իգոր Գուլիչեւի խոսքով, դեռեւս կազակներին հատուկ լիազորություններ ու զենք չեն տրամադրել: «Դեռեւս մեր զենքը խոսքն է»,-ասել է նա:

Նա նաեւ կազակ պարեկներին համեմատել է թեքսասյան ռենջերների հետ: «Ամերիկայում էլ կազակներ կան, որոնց կոչում են թեքսասյան ռենջերներ: Նրանք նույն կազակներն են եւ նրանք պետական ծառայություն են իրականացնում, պարզապես պետությունը նրանց դեմքով է շրջվել: Ինչու ԱՄՆ-ում դա կարելի է, իսկ մեզ մոտ՝ Ռուսաստանում, ոչ: Կազակները միշտ պայքարել են երկրի ծայրամասերը պաշտպանելու, կամ ինչպես հիմա են ասում, անօրինական միգրացիայի դեմ»,-ասել է կազակ գնդապետը:

Մոսկվայում «թեքսասյան ռենջերների» առաջին շրջայցի մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է բլոգեր Ռուստամ Ադագամովը. «Կազակներն սկսեցին աշխատել. Նրանք մետրոյից քշել են երկու աղքատների, սունկ եւ գուլպա վաճառող մի տատիկի»:

Ավելի վաղ Մոսկվայում կազակների գործով դեպարտամենտի ղեկավար Լեոնիդ Մակուրովը հայտարարել էր, որ կազակները պարբերաբար պարեկություն կիրականացնեն 2013-ի հունվարից: