Քալիֆորնիայում հայկական ընտանիք է խեղդվել՝ փորձելով փրկել շանը, որին ալիքը քշել էր դեպի ծովը: Ընտանիքը հանգստանում էր Սան Ֆրանցիսկոյից հարավ գտնվող Հումբոլդտի շրջանում:

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին, սակայն լրատվամիջոցներն այդ մասին հայտնել են միայն հիմա՝ տեղեկություններ ստանալով տեղի առափնյա անվտանգության ծառայությունից:

Ինչպես հաղորդում է ABC News-ը, 16-ամյա Գրեգորի Ջեյմս Քուլջյանը շան հետեւից նետվել է ջուրը: Նրան օգնության է հասել հայրը՝ 54-ամյա Հովարդ Քուլջյանը, սակայն ալիքը նրան տարել է ծովի խորքը:

Գրեգորին սկզբում ինքնուրույն ափ է ելել, որտեղ նրան սպասել են մայրը՝ 57-ամյա Մերի Ելենա Սքոթը, քույրն ու ընկերուհին: Երբ պարզ է դարձել, որ հայրը վտանգի մեջ է, Գրեգորին մոր հետ նետվել է ջուրը, որի արդյունքում նրանք եւս խեղդվել են, գրում է Associated Press-ը:

Հատկանշական է, որ շանը հաջողվել է անվնաս դուրս գալ ջրից: Գրեգորիի քույրն ու ընկրուհին ջուրը չեն մտել ու ոչ մի գործողություն չեն ձեռնարկել: Ոստիկանություն են կանչել ականատեսները, գրում է  Lenta.ru-ն:

Առափնյա անվտանգության ծառայությունը որոնողական գործողություն է սկսել, որի արդյունքում հայտնաբերել են ամուսինների մարմինները: Գրեգորին մինչ այժմ համարվում է անհետ կորած, սակայն նրան փրկվելու հույսեր չկան, ուստի որոնումները դադարեցվել են: