«Հայկական սպառնալիքը» ստիպել է ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի Քերոլի շրջանի ղեկավար Շումեյքեր Կրտսերին հանդես գալ առաջարկությամբ: Այս մասին գրում է «The Washington Post»-ը:

Տեղեկանալով, որ Վաշինգթոնի արվարձանը մի ողջ կարողություն է ծախսել հողօգտագործման վերաբերյալ մի շարք փաստաթղթերի հայերեն թարգմանելու վրա, Շումեյքերը որոշման նախագիծ է պատրաստել, ըստ որի անգլերենը շրջանի պաշտոնական լեզու է համարվում:

Այս նախաձեռնությունը բուռն բանավեճեր է առաջ բերել երբեմնի գյուղատնտեսական համայնքում, որի բլրային տեղանքում այժմ շատ արագ շենքեր են կառուցվում:

«Դա պառակտում է մտցնում»,-ասել է Մանչեսթերի 31-ամյա բնակիչ Դեյն Մենջիսը: նա կարծում է, որ այդ որոշումը շեղում է համայնքի ավանդույթների եւ մշակույթի համար առավել էական սպառնալիքներից, ինչպիսիք են քաղաքի պաշտոնական սահմաններից դուրս բնակչության արագ աճը: Այդ բոլորը կարող է պահպանվել նաեւ առանց «մենք-նրանք» մտածողության»,-ասել է նա:

Սակայն շրջանի ղեկավարության ներկայացուցիչ Ռիչարդ Ռոթշիլդն ասել է, որ տվյալ որոշումը ոչ մի ընդհանրություն չունի այլատյացության հետ, այլ կապված է ողջամտության հետ: «Եթե դուք ներգաղթել եք Ամերիկա, ապա դուք կսովորեք մեր լեզուն: Ես չպետք է ձեզ լեզու սովորեցնեմ: Ամեն բան շատ պարզ է. սեփական կանոններով օտար վանք չեն գնում»,-ընդգծել է նա:

Տվյալ օրակարգով հրապարակային լսումները տեղի են ունենալու դեկտեմբերի 11-ին: