Լիբանան կատարած երկօրյա պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր նոյեմբերի 27-ին, հանդիպել է Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրիի հետ: ՀՀ նախագահի պատվին, Լիբանանի խորհրդարանի խոսնակի անունից, Այն էլ-Թինե նստավայրում ճաշ է տրվել, որին մասնակցել են խորհրդարանականներ, այդ թվում ընդդիմադիր «Մարտի 14-ի կոալիցիայի» ներկայացուցիչներ, ինչպես նաեւ կառավարության անդամներ: Ընդհանուր առմամբ, ճաշին ներկա է եղել 200 մարդ:

Հաշվի առնելով, որ Լիբանանի մեծ թվով նախարարներ ու պատգամավորներ Վատիկանում մասնակցում են Լիբանանի օրերին, խորհրդարանի խոսնակը որոշել է փոխել խորհրդարանի նիստ հրավիրելու իր որոշումը, որտեղ պետք է ելույթ ունենար Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Լիբանանի խորհրդարանի նոյեմբերի 27-ին հրավիրվելիք նիստը վիճաբանություն է առաջացրել, հաշվի առնելով, որ ընդդիմությունը բոյկոտում է խորհրդարանի աշխատանքները: Ընդդիմությունը խոսնակին մեղադրել էր իրենց դժվար դրության մեջ դնելու մեջ:

Ճաշից հետո, Հայաստանի նախագահն ուղեւորվել է Զմմառ, որտեղ հանդիպել է Հայ կաթոլիկ եկեղեցու կաթողիկոս պատրիարք Ներսես Պետրոս XIX-ի հետ: Այցելության ընթացքում, Սերժ Սարգսյանն այցելել է Զմարի Սուրբ Աստվածածին եկեղեցի, թանգարան, գրադարան եւ ձեռագրերի պահոց:

Օրվա վերջում ընթրիքի սեղանի շուրջ ՀՀ նախագահը կհանդիպի Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: