Նաիրի Հունանյանի մայրը՝ Նաթելլա Գալստյանը, մահվանից առաջ երազում լսել է որդիների ձայները: Մահվան վերջին գիշերը նա իր հարեւաններից մեկի մոտ փնտրում էր Նաիրի եւ Կարեն Հունանյանիներին: «Այդ գիշեր Նաթելլան եկավ ինձ մոտ եւ հարցրեց. «Որդիներս ձեզ մոտ չե՞ն»,-պատմել է Նաթելլայի հարեւան Վլադիմիրը «Կոմսոմոլսկայա պրավդային» ու հավելել. «Նա ասաց, որ իբր լսում է, թե ինչպես են իրեն կանչում Նաիրին ու Կարենը եւ որ նրանց ձայները գալիս են ծովից: Իմ մոտից գնալուց հետո եկավ Արմենը (Նաթելլայի երրորդ որդին-խմբ), ով փնտրում էր մորը»:
Կնոջ մարմինը որդին գտել է ծովում, ափից ոչ հեռու, ընդ որում նրա կոշիկները եղել են ափին:
Հարեւանները Նաթելլային չեն դատապարտել որդիների արարքի համար: Մայիսին նա որդու հետ այցելել է Հայաստան եւ տեսնվել որդիների հետ: Այդ հանդիպումը ծանր տպավորություն է թողել կնոջ վրա եւ նա սկսել է դեղահաբեր ընդունել: Դրանից հետո նա երազում սկսել է լսել որդիների ձայները:
Սկզբում Նաթելլային չեն ցանկացել թաղել եկեղեցական արարողակարգով, քանի որ համարել են, որ նա ինքնասպան է եղել, սակայն հետո եկեղեցականը համաձայնել է, հաշվի առնելով բժշկական եզրակացությունը, ըստ որի մահվան պատճառը սրտի աշխատանքի կանգ առնելուց:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, նոյեմբերի 23-ի գիշերը Եվպատորիայի առափնյա տարածքում, ափից երկու մետր հեռավորութան վրա հայտնաբերվել էր Նաթելլա Գալստյանի մարմինը:
Հիշեցնենք, որ 13 տարի առաջ, 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, 5 հոգուց բաղկացած ահաբեկչական խումբը՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, զինված ինքնաձիգներով, մտել է խորհրդարանի նիստերի դահլիճ եւ գնդակահարել ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, եւս 6 բարձրաստիճան պաշտոնյաների ու պատգամավորների:
Պատգամավորները մեկ օր շարունակ պատանդ էին մնացել խորհրդարանի դահլիճում, որից հետո ահաբեկիչները հանձնվել են իրավապահ մարմիններին: Մինչ այդ Նաիրի հունանյանն առանձնազրույց է ունեցել այդ ժամանակ երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
Նրանց նկատմամբ դատավարությունը տեւել է երեք տարի, որի արդյունքում 5 ահաբեկիչները դատապարտվել են ցմահ ազատազրկման: Դատավարության ընթացքում ահաբեկչության կազմակերիչները չեն հայտնաբերվել:





























