Ամենայն հավանականությամբ, դեկտեմբերի 6-ին, Հայ հեղափոխական դաշնակցությունը հրավիրելու է լայն ֆորմատով քննարկումներ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Քննարկմանը կհրավիրվեն ոչ միայն քաղաքական ուժեր, այլեւ լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ, վերլուծաբաններ, մասնագիտական խմբեր, բոլորին կներկայացնեն իրենց կողմից առաջարկված հարցերը, ավելի վաղ ծավալված քաղաքական քննարկումների արդյունքները:

«Քննարկումներն առնչվում են նախագահական ընտրություններին, բայց բուն նախագահական ընտրությունների հետ կապված վերջնական դիրքորոշումը կորոշի  ՀՅԴ Գերագույն ժողովը, որը կկայանա դեկտեմբերի 20-ի կողմերը»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն վերջերս հանդես են եկել նախաձեռնությամբ՝ կազմակերպելու քաղաքական կոնսուլտացիաներ: Երկու քաղաքական ուժերն էլ ակտիվորեն հանդիպել են կուսակցությունների հետ, քննարկել մի շարք հարցեր, մասնավորապես՝ 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի, կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու կապակցությամբ: