Ադրբեջանը պնդում է, որ հնարավորինս շուտ ավարտվի Ուկրաինայից Լեհաստան նավթամուղի (Բրոդի-Պլոցկ) շինարարությունը: Ինչպես հաղորդում է լեհական Gazeta Prawna թերթը՝ վկայակոչելով ադրբեջանական Trend գործակալությունը, Ադրբեջանի արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիեւը հայտարարել է, որ նախագծի համար միջոցներ պետք է գտնեն ԵՄ երկրները, մասնավորապես Լեհաստանը:

Ալիեւը Վարշավայում լրագրողներին հայտնել է, որ տնտեսական համագործակցության լեհ-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում, այդ նախագծի հետ կապված նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտվել են:

«Այդ նախագիծը կապիտալ ներդրումներ է պահանջում եւ Եվրամիությունը, մասնավորապես, Լեհաստանը, պետք է ֆինանսական աղբյուրներ գտնեն նրա իրականացման համար»,-հայտարարել է ադրբեջանցի նախարարը:

Այս տարի պետք է բնապահպանական համաձայնագրեր կնքվեն, այդ դեպքում 2013 թվականի սկզբին կարելի կլինի դիմել Եվրահանձնաժողովին՝ նախագծի ֆինանսական աջակցության վերաբերյալ վերջնական որոշման համար:

Նավթամուղի Բրոդի-Ադամովա Զաստավա հատվածի հետազոտությունն ավարտվել է: Այդ հատվածի 120 կմ-ն կանցնի Ուկրաինայի, իսկ 257 կմ-ն՝ Լեհաստանի տարածքով:

Բրոդի-Պլոցկ նավթամուղի շինարարությունը ներառված է «Ենթակառուցվածքներ եւ շրջակա միջավայր» ծրագրում, որի համար արդեն պահեստավորված է 495 մլն զլոտի (շուրջ 156 մլն դոլար):

Այս նավթամուղը այլընտրանքային կլինի Ուկրաինայի համար, որը նավթ է ստանում Ռուսաստանից: Նավթամուղի շարունակումը դեպի Լեհաստան, Ադրբեջանի համար եվրոպական շուկա դուրս գալու նոր ուղի կլինի: