Պաշտոնական այցով Լիբանանում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր՝ նոյեմբերի 27-ին, հանդիպում է ունեցել Լիբանանի Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բերրիի հետ, որից հետո կայացել է Հայաստանի նախագահի հետ այդ երկրի խորհրդարանականների մասնակցությամբ ընդլայնված հանդիպում:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ միջպետական հարաբերությունների զարգացման, փոխվստահության ամրապնդման գործում երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական կապերի դերը, ակտիվ համագործակցությունը խորհրդարանների միջեւ, որը, կողմերի համոզմամբ, զգալիորեն կնպաստի նաեւ հայ-լիբանանյան տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը:
Հանդիպմանը կարեւորվել է նաեւ միջազգային կառույցներում Հայաստանի եւ Լիբանանի խորհրդարանականների համագործակցությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Լիբանանի ԱԺ նախագահ Նաբիհ Բերրին ընդգծել են Հայաստանի եւ Լիբանանի կառավարական բոլոր օղակների, խորհրդարանների համակարգված, ծրագրված աշխատանքի անհրաժեշտությունը՝ երկու երկրների հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու առումով:
Զրուցակիցներն անդրադարձել են մերձավորարեւելյան տարածաշրջանի մի շարք երկրներում առկա լարված իրավիճակին եւ այդ իրավիճակի հանգուցալուծման հնարավորություններին:
Նախագահ Սերժ Սարգսյանը Լիբանանի ԱԺ նախագահին ներկայացրել է մեր տարածաշրջանի խնդիրներն ու մարտահրավերները, այդ թվում՝ ԼՂ հակամարտության կարգավորման վերջին զարգացումները:
Լիբանանի Հանրապետության ԱԺ նախագահի եւ խորհրդարանականների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:




























