Մեծ Բրիտանիայում հանելուկային հանգամանքներում մահացել է Սերգեյ Մագնիտսկու գործով տեղեկություններ հաղորդողը , հայտնում են բրիտանական լրատվամիջոցները:

Ալեքսանդր Պերեպելիչնին Ռուսաստանում փողերի լվացման եւ Hermitage Capital-ի իրավաբանի մահվան գործի առանցքային վկաներից էր: Նա Մեծ Բրիտանիայում ապաստան էր ստացել երեք տարի առաջ, երբ սկսել էր ենթարկվել հետապնդումների, հայտնում է The Independent թերթը: Նրա մահվան մասին հրատարակչությունն իմացել է ոստիկանության աղբյուրներից: Պերեպելիչնու դիակը գտել են Սուրեյ կոմսությունում` երկու շաբաթ առաջ: Նա 44 տարեկան էր եւ առողջական խնդիրներ չուներ: Մահվան հստակ պատճառը ճշտել չի հաջողվել, գործը փոխանցվել է քննչական մարմիններին, որոնք փորձաքննություններ կանցկացնեն:

Հաղորդվում է, որ Պերեպելիչնին շվեյցարական դատախազությանը տրամադրել էր  խաբեբայության հետաքննության համար անհրաժեշտ բոլոր տվյալները, որին խառն են ռուս պաշտոնյաները:

Մեկուսարանում գտնվող Սերգեյ Մագնիտսկին մահացել է 2009 թ. նոյեմբերին` անհրաժեշտ բժշկական օգնություն չստանալու հետեւանքով: «Էխո Մոսկվին» հայտնում է, որ Պերեպելիչնին հանդես էր գալիս որպես  «Մագնիտսկու գործով» Վլադլեն Ստեփանովի նախկին գործընկեր, որին Մագնիտսկին մեղադրում էր փողերի լվցման մեջ: Ստեփանովը նախկինում հայտարարել էր, որ Պերեպելիչնին իրեն խոշոր գումար է պարտք եւ 2009 թ.-ից չի հաջողվում նրա հետ կապ հաստատել: