Միջազգային վարկանշային Fitch Ratings գործակալությունը Արգենտինայի երկարաժամկետ վարկանիշը «В»-ից կտրուկ նվազեցրել է մինչեւ «СС», կարճաժամկետը` «В»-ից մինչեւ «С», ազգային փոխարժեքի համար` «В»-ից մինչեւ «В-»` բացասական կանխատեսմամբ:
Վարկանշի իջեցման պատճառը գործակալության մտավախությունն է, որ պարտքի մարման պարտավորությունների հետ կապված՝ Արգենտինայում կարող է «տեխնիկական դեֆոլտ» տեղի ունենալ, որը երկրին ֆինանսական ճգնաժամի կհասցնի:
Արգենտինայի իշխանությունները 2005 եւ 2010թթ. վերակազմավորել էին 2001թ. սեփական պարտքի մարման համակարգը, որի վճարումներն ընդհատվել էին: Պարտատերերի մի մասը հրաժարվել էր վերակազմավորումից եւ պահանջել պարտքի ամբողջական մարում: Նախորդ շաբաթ դատավոր Թոմաս Գրիեսան վճռել էր, որ Արգենտինան պարտավոր է մինչեւ դեկտեմբերի 15-ը 1,3 միլիարդ դոլար վճարել այն երաշխիքային հիմնադրամին, որն ապահովում է պարտքն ամբողջական ծավալով պահանջողների վճարները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նոյեմբերի 26-ին Արգենտինան Գրիեսի վճիռը բողոքարկել էր Նյու Յորքի Բողոքարկիչ դատարանում: Վերակազմավորմանը համաձայնած պարտատերերը եւս բողոքարկել են Գրիեսի որոշումը՝ այն սխալ որակելով։



























