Բրազիլական հեռուստատեսության աշխատակիցները «թաքնված նկարահանում» են արել, որի «զոհերի» արյունը բառացիորեն սառել է երակներում: Նրանք թաքնված տեսախցիկ են տեղադրել վերելակում, որը գաղտնի դուռ ուներ: Այդտեղից մթության մեջ հայտնվում է ուրվականի հանդերձավորմամբ ու գրիմով աղջիկը եւ ճչում:
Հիթ դարձած հոլովակը ցուցադրել է տեղական SBT հեռուստաալիքը, հայտնում է NEWSru.com-ը:
Տեսագրության սկզբում ժպտերես կինն ուղեւորներին ուղեկցում է վերելակի դռների մոտ: Հենց վերելակը շարժվում է, լուսավորությունն սկսվում է խափանումներով աշխատել, հետո լույսը մարում է: Այդ պահին գաղտնի դռնից դուրս է գալիս բաց զգեստով գունատ աղջիկը՝ ճաղատ տիկնիկը ձեռքին: Հետո լույսը վառվում է: Հանկարծակի հայտնված աղջիկը սկզբում լուռ կանգնած է, հետո շրջվում է ուղեկցի կողմը եւ բարձր ճչում:
Բոլոր մասնակիցները սարսափահար բղավում եւ ծածկում են դեմքը: Կադրերից մեկում երեւում է, թե ինչպես է արտաքինից հարգարժան մի կին վերելակի դռան մոտից մարդկանց բղավոցները լսելով հռհռում:
«Սա, փաստացի, կտտանքների ենթարկել է», -այս առիթով գրում է The Gawker-ը: «Ամենավատը ծիծաղի ձայնն է այն պահերին, երբ մարդիկ կորցնում են կյանքի 10 տարին»,- քննադատում է հրատարակչությունը:











