Սիրիայի զինված հակամարտությանը Ռուսաստանի ներգրավման մասին խոսք լինել չի կարող: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով «Արգումենտի ի Ֆակտի» թերթի հարցին: Լավրովի պատասխանը հրապարակվել է Ռուսաստանի ԱԳՆ-ի կայքում:

«Ռուսաստանի ներգրավման մասին ոչ մի խոսք լինել չի կարող», - ասել է նա եւ հավելել, որ ռազմատեխնիկական ոլորտում Ռուսաստանի եւ Սիրիայի բազմամյա համագործակցությունն առաջին հերթին ծառայում է Մերձավոր Արեւելքում կայունության պահպանմանը:

Սիրիայի իրավիճակի վերաբերյալ նախարարը նշել է, որ մարտական գործողությունները գնալով դաժանանում են, նոր զոհերի հանգեցնում:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, Լավրովը մեկ անգամ եւս ընդգծել է, որ Ռուսաստանը կտրականապես դեմ է Սիրիայի իրավիճակին արտաքին միջամտությանը, առավել եւս՝ ուժային:

«Մեր ուժերի սահմաններում ամեն ինչ անում ենք արյունահեղության դադարեցման եւ կողմերին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու համար, որպեսզի որոշվեն  երկրի քաղաքական կառույցի հետագա չափորոշիչները, ինչի մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել ս/թ. հունիսի 30-ին Ժնեւում:

Կարծում ենք, ազդեցիկ մնացած երկրներն էլ պետք է ձգտեն հասնել ժնեւյան հանդիպմանը սահմանված մոտեցումների իրագործմանը», - ասված է Լավրովի պատասխանում:

Նախօրեին Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Դենիսովը եւս մեկ անգամ հայտնել էր Ռուսաստանի դիրքորոշումը՝ Թուրքիայի եւ Սիրիայի սահմանին ՀՕՊ Patriot համակարգ տեղակայելու կապակցությամբ:

«Մեզ այդ գաղափարը դուր չի գալիս, քանզի դրանում քողարկված սպառնալիքներ ենք տեսնում»,- ասել էր Դենիսովը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: