«ԱՄՆ-ի ադրբեջանցիները հանուն ժողովրդավարության» (AZAD) կազմակերպությունը Մեխիկոյի իշխանություններին նամակ է ուղարկել, որում իր աջակցությունն է հայտնում քաղաքային իշխանությունների՝ Մեխիկոյի կենտրոնում տեղադրված Հեյդար Ալիեւի հուշարձանի ապամոնտաժման մասին որոշմանը:
Նամակում կազմակերպության ղեկավար Էլմար Շախթախթինսկին նշում է, որ ցնցված է Ադրբեջանի իշխանությունների արձագանքից: Հիշեցնենք, Ադրբեջանը սպառնացել էր փակել դեսպանատունը եւ դադարեցնել Մեքսիկայի նավթարդյունաբերության ոլորտում ներդրումները
Նամակում սպառնալիքները գնահատվում են իբրեւ «վախեցնելու մարտավարություն»: Նաեւ հույս է հայտնվում, որ մեքսիկական կողմը ադրբեջանական ռեժիմին թույլ չի տա Մեխիկոյի բնակիչներին թելադրել, թե ինչ անեն ազգային զբոսայգիներում:
Azeri report կայքում հրապարակված նամակում Հեյդար Ալիեւն անվանվում է «ժողովրդավարության թշնամի» , ով պատասխանատու է մարդու իրավունքների ոտնահարման համար: Նաեւ նշվում է, որ ազատությունը գնահատողները երախտապարտ կլինեն հուշարձանի շուտափույթ ապամոնտաժման պարագայում:

NEWS.am-ը հայտնել էր, որ Մեխիկոյի իշխանությունները Հեյդար Ալիեւի հուշարձանը մեկ այլ վայր տեղափոխելու հարցի քննարկման համար հատուկ հանձնաժողով էր ստեղծել, որն էլ խորհուրդ էր տվել այն տեղափոխել՝ դա հիմնավորելով փողոցի ճարտարապետական գերծանրաբեռնվածությամբ։
Ադրրբեջանն ի պատասխան սպառնացել էր դադարեցնել Մեքսիկայում արվող ներդրումները:
Ադրբեջանի նախկին նախագահի հուշարձանը 2012թ. օգոստոսին տեղադրվել էր Բարեկամության զբոսայգում՝ ադրբեջանական կողմի միջոցներով։





























