Մոսկվայում մեքենայության կասկածանքով ձերբակալվել է Անվտանգության դաշնային ծառայության նախկին սպա Անդրեյ Պոնկինը: «Ինտերֆաքսը», վկայակոչելով անանուն աղբյուրներին, հայտնում է, որ Պոնկինը նախկինում գործարար Բորիս Բերեզովսկու օգնականն էր: 

Պոնկինից բացի ձերբակալվել է նաեւ ՆԳՆ Օգնության եւ  վետերանների աջակցության համառուսական հիմնադրամի ղեկավարի տեղակալ Թելման Ալասգարովին: Ձերբակալությունը կատարվել է Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ 1,5 մլն դոլար վերցնելիս:

Քննության վարկածով՝ Պոնկինը եւ Ալասգարովը ստավրոպոլյան բանկերից մեկի կառավարչին խոստացել էին 1,5 մլն դոլարի դիմաց կարճել արժեթղթերի առեւանգման քրեական գործը: Նրանք բացատրել էին, որ պետք է կաշառեն ՆԳՆ-ի, ֆիննախի աշխատակիցներին եւ ապահովագրողներին: Քննությունը պարզել է, որ պաշտոնյաներն ու ապահովագրողներն իրականում հանցակից չեն եղել:

Պոնկինը դեռեւս 2003 թ.-ին լրատվամիջոցներում հիշատակվել է որպես ԱԴԾ-ի նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյի ծառայակից, որը մահացել էր  Լոնդոնում՝ հանելուկային հանգամանքներում: Ըստ որոշ տվյալների՝ հենց Պոնկինն է նկատի առնվել «մայոր Պ» անվան տակ, որը բրիտանական լրատվամիջոցներում հանդես է եկել որպես Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձերի մասին խոսակցությունների մասնակից: