Հայտնել եմ մտադրությունը մասնակցելու նախագահական ընտրություններին, ուրախ կլինեմ ընդունել տարբեր կուսակցությունների, քաղաքական հոսանքների զորակցությունը: Այս մասին այսօր՝  նոյեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«ԲՀԿ-ն եւ մյուսները պետք է որոշեն, թե ինչպես են ներկայանալու ընտրություններին՝ սեփական թեկնածուով, թե կզորակցեն այլ թեկնածուի: Ես պատրաստ եմ լինելու այդ հավաքական թեկնածության մասնիկը: Ով ուզում է հավաքական թեկնածության մաս կազմել, պատրաստ ենք, դա վերաբերում է  թե ԲՀԿ-ին,թե ՀՅԴ-ին, թե ՀԱԿ-ին»,- ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ  ինքը գնում է դեպի նախագահական ընտրություն, օգտվելու է թեկնածությունն առաջադրելու իրեն տրված իրավունքից եւ մասնակցելու է: Առայժմ հստակ չէ՝ միասնական թեկնածուի գաղափարը կիրականանա, թե ոչ: Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ նախեւառաջ պետք է ընդհանուր պլատֆորմ, ծրագիր ստեղծվի, ապա  քննարկվի թեկնածուների հարցը: Առայժմ միասնական թկենածուն չի երեւում, նա հույս ունի, որ դա կճշտվի առաջիկա շաբաթների ընթացքում: «Ես պատրաստ եմ  թե պնդել սեփական թեկնածությունը, կամ էլ հակառակը»,- ասաց նա՝  շեշտելով, որ եթե ԲՀԿ-ն, կամ մեկ այլ կառույց ցանկանա շարունակել հանդիպման նախաձեռնությունները, իրենք պատրաստ են:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի/NEWS.am