Իր ստահոդ լուրերով հայտնի ամերիկյան The Onion հրատարակչությունը հյուսիսկորեացիների առաջնորդ Կիմ Չեն Ընին անվանել է 2012թ. ամենասեքսուալ տղամարդ:  Չինական «Ժենմին Ժիբաո» թերթի էլեկտրոնային տարբերակը դա միանգամայն լուրջ է ընկալել՝ չնկատելով հոդվածի երգիծական ենթատեքստը:

«The Onion-ը հպարտությամբ հյուսիսկորեացիների առաջնորդ Կիմ Չեն Ընին (29 տարեկան) հռչակում է ներկայումս ապրող տղամարդկանցից ամենասեքսուալը», – այսպես է սկսվում հոդվածը:

«Փհենյանում մեծացած անհավատալի գեղեցիկ, կլոր երեսով,  մանկական հմայքով, ուժեղ, ամուր կառուցվածքով սրտակերը բոլոր կանանց երազանքն է… Նա միաժամանակ միանգամայն հմայիչ եւ առնական մաչո լինելու հազվագյուտ ունակություն ունի», – գրում են ամերիկյան լրագրողները: Ըստ նրանց՝ Կիմ Չեն Ընը այն տղամարդկանցից է, որոնք սիրված են կանանց կողմից, եւ որոնց ցանկանում են նմանվել ուժեղ սեռի ներկայացուցիչները, մեջբերում է vesti.ru-ն:

«Ժենմին Ժեբաո» թերթի առցանց տարբերակը, մեջբերելով The Onion-ի հոդվածը, Կիմ Չեն Ընին անվանել է «ցանկացած կնոջ երազանք» եւ «սրտակեր»  եւ նրա 55 լուսանկար է հրապարակել, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին:

Ամերիկյան հրատարակչության լրագրողները հեգնել են նաեւ չինացի գործընկերներին. «Տարվա ամենասեքսուալ տղամարդու մասին» ավելին իմանալու համար այցելեք մեր ընկերների՝ չինական  «Ժողովրդական օրաթերթի» կայքը՝ The Onion -ի կոմունիստական մասնաճյուղը: Ընկերներն առանձնացել են  օրինակելի աշխատանքով», - գրել են նրանք: