Ս.թ. նոյեմբերի 25-ից հերթական այցով Հայաստանում է գտնվում ՀՀ ԶՈՒ անձնակազմի կառավարման ոլորտի բարեփոխումների գործընթացի հարցերով ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի, ԱՄՆ ծովային հետեւակի Եվրոպական հրամանատարության, ԱՄՆ-ի պաշտպանական ռեսուրսների կառավարման ինստիտուտի եւ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության համատեղ փորձագիտական խումբը:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՀՀ ՊՆ-ում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ԱՄՆ ծովային հետեւակի Եվրոպական հրամանատարության ներկայացուցիչները անցկացրել են մի շարք բրիֆինգներ` նվիրված սերժանտական կազմի դերին եւ պարտականություններին, ինչպես նաեւ ԱՄՆ-ի ծովային հետեւակի սերժանտական կազմի կազմակերպման, գնահատման եւ կառավարման համակարգի վերաբերյալ:  ԱՄՆ պաշտպանական ռեսուրսների կառավարման ինստիտուտի փորձագետները ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների մասնագետներին են ներկայացրել նաեւ  «Հիմնական զինվորական փոխհատուցումների համակարգը ԱՄՆ-ում, բյուջետային նկատառումներ, պաշտպանական պլանավորման ուղեցույց» խորագրով բրիֆինգը: Այցի շրջանակներում փորձագիտական խմբի անդամներն այցելել են ՀՀ ՊՆ Ենթասպաների դպրոց, որտեղ ներկայացրել են «ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ԶՈւ սերժանտական կազմի ընտրությունը, վերապատրաստումը, առաջխաղացումը եւ կրթությունը` կոչումների տարբեր մակարդակներում» խորագրով բրիֆինգը:

Այցի արդյունքների ամփոփման նպատակով նախատեսված է փորձագիտական խմբի հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ:

Փորձագիտական խմբի կայցը կավարտվի դեկտեմբերի 1-ին: