Սիրիայի անվտանգության ծառայության կողմից ձերբակալված հայ թատերական բեմադրիչ եւ ռեժիսոր Ավո Գաբրիելյանին նոյեմբերի 26-ին ազատ են արձակել: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը:
Նա նշեց, որ անվտանգության ծառայությունը մի շարք միջոցառումներ է իրականացրել, հարցաքննել է նրան եւ ազատ արձակել: Այլ մանրամասների Ժիրայր Ռեիսյանը չէր տիրապետում, մասնավորապես,թե ինչ իրավական կարգավիճակ ունի ռեժիսորը, նորից են կանչելու հարցաքննության եւ այլն:
Հիշեցնենք, որ ներկա արտակարգ իրավիճակի պայմաններում Սիրիայի անվտանգության ծառայության կողմից հայ թատերական բեմադրիչ եւ ռեժիսոր Ավո Գաբրիելյանին ձերբակալելու մասին հալեպահայերի օգնության շտաբը տեղեկացել է նրա հարազատներից: Պաշտոնապես ասվել է, որ Ավո Գաբրիելյանը օրենք է խախտել, սակայն չի նշվում, թե ինչ օրինախախտման մասին է խոսքը. «Անհայտ է, մեծ, թե փոքր արարք են նրանք գործել»:
Նշենք, որ Ավո Գաբրիելյանը ծնվել է 1985 թվականին, Հալեպում, սովորել է Հայկազյան հայկական դպրոցում եւ հայկական սեմինարիայում: Նա ավարտել է Դամասկոսի համալսարանի թատրոնի եւ կինոյի բաժինը, որից հետո աշխատել է մի քանի ֆիլմերի վրա: Հալեպ վերադառնալուց հետո նա սկսել է դասավանդել Թատրոնի եւ արվեստների Աքքադի ինստիտուտում:





























