Հայաստանի Ազգային արխիվը մտադիր է ի մի բերել Ցեղասպանության տարիներին զոհված հայերի մասին հնարավոր բոլոր տեղեկությունները: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 28-ի մամուլի  ասուլիսում լրագրողներին հայտնել է Ազգային արխիվի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը: Ըստ նրա՝  տեսականորեն բոլոր անունների հիշատակը փրկելն անհնար է, սակայն հարյուր հազարների մասին կարելի է իմանալ կամ ամբողջական, կամ էլ գոնե մասնակի տվյալներ՝ կամ միայն անունը, կամ էլ՝ անուն-հայրանուն: «Մինչեւ 2015 թ. մենք ցանկանում ենք նման ցուցակ կազմել: Մոսկվայում մենք Հոլոքոստի զոհերի անուններով էկրան ենք տեսել, որի վրա  միկրոսկոպիկ տառերով գրված են  բոլոր զոհերի անունները: Դրանք անհնար է տեսնել նույնիսկ մոտ տարածությունից: Սակայն ամեն րոպե անուններից մեկը հայտնվում է խոշոր տառերով: Հաջորդ անգամ այն էկրանին հայտնվում է երկու տարի անց:  Որն է իմա՞ստը: Իմաստն այն է, որ մենք էլ պետք է անվանական ճանաչենք նրանց, ովքեր ապրել եւ սպանվել են», – ասել է Վիրաբյանը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am