Ուկրաինուհի Օկսանա Մակարի դաժան սպանության մասնակից հայը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման:
Դատարանի որոշմամբ Եվգենի Կրասնոշչեկը ցմահ ազատազրկման է դատապարտվել: Մաքսիմ Պրիսյաժնյուկին դատապարտել են 15 տարով, իսկ Պողոսյանին՝ 14: Դատարանն ամբողջությամբ բավարարել է պետական մեղադրողի պահանջները, հայտնում է «Վերսիին»:
Օկսանա Մակարը մահացել է այս տարվա մարտի 29-ին Դոնեցկի այրվածքաբանական կենտրոնում, որտեղ նա գտնվում էր մարտի 16-ից եւ մի քանի վիրահատությունների էր ենթարկվել, այդ թվում՝ ձեռքերի անդամահատման: Աղջկան մարտի 10-ին գտել էին Նիկոլաեւում՝ շինհրապարակից ոչ հեռու, նրա մարմինն ածխացած էր եղել, սակայն կարողացել էր շփվել ոստիկանների եւ բժիշկների հետ: Ինչպես ավելի ուշ պարզվել էր, երեք երիտասարդ բռնաբարել էին Օկսանա Մակարին եւ փորձել այրել:
Մարտի 11-ին երեք կասկածյալների ձերբակալությունից հետո նրանցից երկուսին չբացակայելու ստորագրությամբ բաց էին թողել: Դա բողոք էր առաջացրել Նիկոլաեւում եւ ամբողջ երկրում, որից հետո իրավապահները կրկին ձերբակալել էին կասկածյալներին:
Vesti.ru-ն հայտնում է, որ մեղադրյալները, որոնք սկզբում խոստովանական ցուցմունքներ էին տվել, դատարանում դրանց մեծ մասից հրաժարվել են: Նրանց փաստաբանները հայտարարել են, որ աղջիկը բռնաբարված չի եղել, քանի որ սեփական կամքով է սեռական հարաբերության մեջ մտել մեղադրյալների հետ: Օկսանայի մոր ներկայացուցիչները կարծում են, որ դատավճիռը բավականին մեղմ է: Փաստաբանները բողոքարկման համար երկու շաբաթ ունեն:




























